Անգամ ամենաբարդ իրավիճակում Արթուր Բաղդասարյանն իր կուսակցությունը պահեց արժանապատիվ՝ մնալով առաջին գծում. Գագիկ Կոստանդյան

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:

Որպես ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, որպես քաղաքական դաշտի հնաբնակ՝ դուք ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի այսօրվա քաղաքական ու տնտեսական վիճակը:

Քաղաքական դաշտն այսօր խմորված վիճակում է, երբեմն չես էլ կողմնորոշվում՝ ով է ընդդիմություն, ով՝ դիմություն: Դեռ կոնկրետացում չկա: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ասեմ, որ չնայած վարչապետ փոխվեց, սակայն իրավիճակը չբարելավվեց: Ղեկավար մարմիններում, իմ կարծիքով, պետք է լուրջ փոփոխություն իրականացվի:

Բայց չէ՞ որ կադրային ջարդ տեղի ունեցավ:

Այո, բայց մի կոռումպացվածին փոխարինելով մյուս կոռումպացվածով՝ ոչինչ չի փոխվի: Մարդը պետք է լավ անցյալ ունենա, մաքուր լինի, որպեսզի անցնի պաշտոնի ու կարողանա մաքուր աշխատել: Ես դեռ լավ բան չեմ տեսնում, թերհավատորեն եմ նայում, բայց եկեք լինենք լավատես ու հուսանք, որ լավ կլինի:

Իսկ ի՞նչ գնահատական կտաք դատաիրավական համակարգին:

Որոշ լուրջ օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն այս ոլորտում: Վերցնենք դատարանները՝ մի խայտառակ վիճակում են, ոստիկանությունը՝ նույն վատ վիճակում է, ասես թևերը կտրած մարդ լինի՝ իրավական, օրենքի առումով բավականին նեղացրել են նրանց գործունեության շրջանակը: Դատախազությունը  ԺԵԿ-ի կարգավիճակում է: Այսինքն՝ օրենսդարական այնպիսի փոփոխություններ պետք է իրականացվեն այս օղակներում, որպեսզի դառնան լուրջ ինստիտուտներ:

Դուք այսօր «Հայկական վերածնունդ»-ի հետ համագործակցության համաձայնագիր եք ստորագրել. Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Հայկական վերածնունդ»-ը:

Այս քաղաքական ուժը, նրա որդեգրած գաղափարախոսությունը մեզ ավելի հոգեհարազատ է: Սակայն պակաս կարևոր չէ քաղաքական ուժի առաջնորդի գործոնը: Ես հպարտ եմ, որ այս կառույցի ղեկավարը Արթուր Բաղդասարյանն է, ով անգամ ամենաբարդ իրավիճակում իր քաղաքական կուսակցությունը կարողացավ պահել արժանապատիվ՝ միշտ լինելով առաջնային գծում: Մարդուն վստահելու համար, պետք է նրան ճանաչել, իսկ ես Արթուր Բաղդասարյանին ճանաչում եմ դեռևս դպրոցական տարիքից, նույն դպրոցում ենք  սովորել:

Գագիկ Կոստանդյան անհատի համար Հայկական վերածնունդ գաղափարն իրագործելի՞ է:

Իմ կարծիքով, յուրաքանչյուր միտք հնարավոր է կյանքի կոչել, եթե լավ աշխատես, եթե առկա լինի կամք:

Հարցազրույցը վարեց` Հասմիկ Հակոբյանը 

Աղբյուրը` hartak.am կայքից