ԲԱՑ ՆԱՄԱԿ

     ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին

        Հարգարժան պարոն վարչապետ

     «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանում օր օրի ավելացող ավտովթարներով և փաստում, որ ավտովթարների քանակի ավելացումը և հիմնական պատճառը ոչ թե ավտոմեքենաների թվի աճն է, ինչպես տարածված է մեկնաբանել, այլ համապատասխան ուսուցման բացակայությունը:

      Առկա մտահոգություններից ելնելով, դիմում ենք Ձեզ, Հայաստանում ավտոդպրոցների միջոցով վարորդների ուսուցում (ավարտական վկայականի տրամադրումով) կազմակերպելու առաջարկով:

      Նկատենք, որ նշված ուսուցման արդյունքում ոչ միայն կնվազեն ավտովթարները. մեր հաշվարկներով կստեղծվի մինչև 3000 աշխատատեղ, որն, ինչ խոսք, էական խթան կլինի զբաղվածությանը: Աշխատատեղերի ստեղծմամբ պետական բյուջե կուղղվեն հարկեր, ինչը ևս պակաս կարևոր չէ մեր երկրի համար:

       Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխարհի բոլոր երկրներում կա վարորդների ուսուցում, մեր երկրում մի քանի չինովնիկների քմահաճության և շահադիտական նպատակով վերացել է, և մեր քաղաքացիների համար խնդիր է դարձել ուսուցման ավարտական վկայականի բացակայությունը տարբեր երկրներում, որտեղ վարորդից պարտադիր պահանջում են ավտոդպրոցի ավարտական վկայական, որի հիման վրա է միայն տրամադրվում նոր վարորդական իրավունքի վկայական:

        Վստահ ենք, որ առաջարկվող ուսուցման ներդրմամբ զգալի օգուտ կբերենք որակյալ վարորդներ ունենալու գործին և լիահույս ենք, որ դրանով կլուծվեն վերը նշված բոլոր խնդիրները:

      Հարգանքով՝
           «Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀԿ նախագահ,
           գեներալ – լեյտենանտ Գագիկ Կոստանդյան